Էննի Իսլի՝ տիեզերքը ուսումնասիրված տեսնելու և Երկիրը կայուն պահելու համար աշխատած գիտնականը

Տիեզերք ծանր բեռներ հասցնելու և Երկիր մոլորակի ուղեծրում արբանյակներ տեղակայելու համար հատուկ հրթիռ էր պետք ԱՄՆ-ին։ Եվ NASA-ի մասնագիտական թիմը ստեղծեց «Centaur»-ը։ Իսկ ծրագրային ապահովումը՝ բարդ ալգորիթմների մշակմամբ, հեղինակեց մաթեմատիկոս Էննի Իսլին։ Նա NASA-ում գիտագործնական աշխատանքի հնարավորություն ստացած առաջին աֆրոամերիկուհիներից էր։

Իսլիի աշխատանքի արդյունքն էին «Syncom 2»՝ աշխարհում առաջին գեոստացիոնար արբանյակի հաջող գործարկումը և «Saturn V» հրթիռի տեխնոլոգիայի զարգացումը, որը հետագայում օգտագործվեց մարդկանց լուսին հասցրած «Ապոլոն» ծրագրում։

էներգիայի այլընտրանքային աղբյուրների՝ մասնավորապես արևային և քամու էներգիայի, ինչպես նաև հիբրիդային շարժիչների զարգացման գործում էլ Էննի Իսլին զգալի դերակատարություն է ունեցել։ Նրա հետաքրքրությունն էներգիայի վերափոխման տեխնոլոգիաների նկատմամբ փաստում է Երկրի կայունության հանդեպ իր հոգածությունը։

Էննին NASA-ի ենթակայությամբ գործող Լյուիսի հետազոտական կենտրոն էր եկել 22 տարեկանում՝ 1955-ին, որպես մաթեմատիկոս և հաջորդած 34 տարիներին արդեն որպես համակարգչային ինժեներ պատմության մեջ իր տեղն ապահովել որպես նորարարական տեխնոլոգիաներ մշակած առաջավոր գիտնական։

Էննի Իսլին հեղինակել է 26 գիտական աշխատանք, 1989-ից մինչև կյանքի վերջը՝ 2011-ը գործել է կրթական ոլորտում և շատ երիտասարդների համար հանդիսացել STEM ոլորտում հաջողելու հիմքը դրած խորհրդատու։

Ձեռքբերումների հասած և տիեզերագիտության ոլորտին հաջողություններ բերած գիտնականի վաստակը գնահատվել է NASA-ի մի շարք պարգևներով։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը