Ճիշտ 32 տարի առաջ՝ 1994-ի օգոստոսին ձևավորվեց համացանցում Հայաստանի կոդ հանդիսացող վերին մակարդակի դոմենային տիրույթը՝ .am-ը։ Նույն տարվա դեկտեմբերին գրանցվեց առաջին .am դոմենը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի yerphi.am-ը։ Այդ ժամանակ Հայաստանում ինտերնետը դեռ հիմնականում գիտական և մասնագիտական շրջանակների գործիք էր, և առաջին վեց ամիսներին գրանցվել էր ընդամենը 10 դոմենային անուն։
Անցած երեք տասնամյակների ընթացքում .am-ը դարձավ Հայաստանի թվային ներկայության կարևոր բաղադրիչը։ 2015-ին դոմենային գոտում գրանցումների թիվն անցավ 25 000-ը, դրանից ընդամենը մեկ տարի անց արդեն հասավ 35 000-ի։ 2025-ին հաղթահարվեց 45 000-ի շեմը։ Իսկ 2026-ի օգոստոսի 14-ին .am-ն հասավ պատմական նշաձողի՝ գրանցումների թիվը հատեց 50 հազարի սահմանը։ Մի քանի օրում գրանցումներն անցնան 50 200-ը։ Այսպիսով, 2026-ի հունվարից օգոստոս թիվն ավելացել է մոտ 3 500-ով։
Գրանցումների ավելի քան 62%-ը Հայաստանից է։ .am, բնականաբար, գրանցվում է նաև միջազգային շուկայում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից ու եվրոպական այլ երկրներից։
.am-ի զարգացումը չի սահմանափակվում գրանցումների աճով։ Հայաստանի դոմենային տիրույթն աջակցում է DNSSEC-ին։ 2026-ի մայիսի տվյալներով՝ համակարգում գործում է 79 հավատարմագրված գրանցող՝ ռեգիստրար Հայաստանում և վերավաճառողներ՝ աշխարհի տարբեր երկրներում։
Հայաստանի դոմենային տարածքի զարգացման կարևոր շարունակությունն է նաև հայկական գրերով .հայ դոմենային տիրույթը, որը նախաձեռնվել է 2014-ին և գործարկվել 2016-ի մայիսի 5-ին։ Այն հնարավորություն է տալիս հայերեն տառերով ստեղծել կայքերի դոմենային անուններ և էլեկտրոնային հասցեներ՝ նպաստելով հայերենի ներկայությանը բազմալեզու ինտերնետում։
Այսօր .am-ը ոչ միայն Հայաստանի թվային ինքնության կարևոր բաղադրիչ է, այլև միջազգային դոմենային շուկայում օգտագործվող տիրույթ, որը տարիներ առաջ INET93 համաժողովից հետո մի խումբ նվիրյալների մասնագիտական ու անձնական ջանքերով ձևավորվեց, զարգացավ և ի սկզբան է եղավ հայկական կազմակերպության՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ կառավարման ներքո։




























