Եվրոպական թվային քաղաքականության և համացանցի կառավարման կարևորագույն հարթակներից մեկը՝ EuroDIG-ը, այս տարի ևս կհամախմբի տարբեր երկրների կառավարությունների, տեխնիկական համայնքի, ակադեմիական շրջանակների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու ինտերնետի ապագային, թվային իրավունքներին և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր։
EuroDIG 2026-ը տեղի կունենա մայիսի 26-27-ին՝ Բրյուսելում՝ «Եվրոպայի ձայները հանուն ինտերնետի ապագայի՝ .eu-ի 20-ամյակը և ինտերնետի կառավարման նոր դարաշրջանի մեկնարկը» խորագրի ներքո։ Համաժողովը կհյուրընկալի EURid կազմակերպությունը՝ .eu դոմենի հոբլյանի շրջանակում։
Հայաստանից EuroDIG 2026-ին կմասնակցի .am և .հայ դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։
Այս տարվա քննարկումների առանցքային ուղղություններն են արհեստական բանականության կարգավորումը, թվային ինքնիշխանությունը, կիբեռանվտանգությունը, մարդու իրավունքները թվային միջավայրում, տվյալների պաշտպանությունը, մեդիա և տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև ինտերնետի տեխնիկական և ենթակառուցվածքային զարգացումները։ Ծրագրում ներառված են նաև երիտասարդական YOUthDIG նախնական միջոցառումը, թեմատիկ աշխատաժողովներ և քաղաքականության ձևավորման քննարկումներ։
EuroDIG-ը, ստեղծվելով դեռևս 2008-ին, տարիների ընթացքում ձևավորվել է որպես եվրոպական տարածաշրջանի բազմաշահառու երկխոսության ամենաազդեցիկ հարթակներից մեկը, որտեղ քննարկումները հաճախ դառնում են նաև գլոբալ ինտերնետ կառավարման օրակարգի մաս։ Այն սերտորեն կապված է Ինտերնետ կառավարման համաժողովվի (Internet Governance Forum-IGF) գործընթացների հետ և նպաստում է եվրոպական երկրների ու կազմակերպությունների միջև համագործակցության խորացմանը։




























