Լոռու մարզի երեք գրադարաններ, մասնավորապես՝ Սպիտակի քաղաքային գրադարանը, Լոռու մարզային գրադարանը եւ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգն օրերս համալրվել են եւս 4-ական համակարգիչներով։
«Համակարգիչների առկայությունը, ինտերնետի հասանելիությունը մասնաճյուղերի եւ այցելուների հետ մեր աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տվեցին։ Սրանք մեր ընթերցողների շրջանակն ընդլայնելուն նպաստող կարեւոր գործոններ են, որոնք ապահովեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն»,- նշեց «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մանե Մուրադյանը։
Գրադարանների էլեկտրոնային կառավարման եւ տեխնիկական վերազինման ծրագրերն իրականացնում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը՝ Ինտերնետ հասարակության հիմնադրամի (ISF) աջակցությամբ։