Skip to main content

Հայաստանի փորձը՝ բազմալեզու ինտերնետի զարգացման միջազգային օրակարգում

ICANN87-ի շրջանակում կայացել է «Անվտանգ, ներառական և բազմալեզու ինտերնետ առաջիկա տասնամյակում» խորագրով քննարկում։ Մասնակիցներն անդրադարձել են ինտերնետի և դոմենային անունների համակարգի (DNS) կառավարման ու անվտանգության, ինչպես նաև Համընդհանուր ընդունումը (Universal Acceptance, UA) խթանելու հարցերին։

Համընդհանուր ընդունումը (ՀԸ) ենթադրում է, որ կայքերը, ծրագրերը և էլեկտրոնային փոստի համակարգերը պետք է կարողանան ճիշտ ճանաչել ու մշակել տարբեր լեզուներով և գրային համակարգերով դոմենային անուններն ու էլեկտրոնային հասցեները։ Այս հարցը կարևոր է նաև Հայաստանի համար՝ հայատառ «.հայ» դոմենային տիրույթի և հայերեն էլեկտրոնային հասցեների լիարժեք կիրառման տեսանկյունից։

Հայաստանի փորձը՝ ՀԸ ընդունումն ապահովելու գործում, ICANN87-ում ներկայացրել է .am և .հայ դոմենային տիրույթների կառավարիչ կազմակերպության՝ «Ինտերնետ հասարակություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Քրիստինա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացված UA Day-ի չորս համաժողովները նպաստել են պետական կառույցների, կրթական հաստատությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և տեխնիկական մասնագետների միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև թվային միջավայրում հայերեն բովանդակության ընդլայնմանը։

«Մեր խնդիրն է, համընդհանուր ընդունումն ապահովելով, հասնել հայատառ դոմենային անունների՝ մանավորապես .հայ տիրույթի և էլեկտրոնային հասցեների հետ թվային ծառայությունների լիակատար և անխոչընդոտ  տեխնիկական աշխատանքի»,- նշել է Քրիստինա Հակոբյանը։

Նա նշել է, որ ՀԸ ներդրմանն աջակցելու կարևոր քայլ է նաև ICANN-ի  տեխնիկական ուսուցման, բուհական ուսումնական նյութերի և խորհրդատվության առաջարկը, որով կորպորացիան դիմել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին։

«Այս գործընթացը տեղում համակարգելու և տեխնիկապես աջակցելու պատրաստակամություն է ստանձնել մեր կազմակերպությունը՝ առաջնային համարելով ինչպես պետական կառույցների, այնպես էլ  բուհական կրթության մեջ Համընդհանուր ընդունման սկզբունքների ներառումը»,- ասել է Քրիստինա Հակոբյանը։

Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ համաժողովների միջոցով ձևավորված համագործակցությունը ՀԸ ուղղությամբ կարող է շարունակվել կոնկրետ քայլերով՝ նպաստելով հայերենով ինտերնետի հասանելիության և կիրառելիության ընդլայնմանը։

ICANN-ի տվյալներով, որպես համաշխարհային թվային միջավայրի արձանագրած արդյունք, 2026-ի հունիսի դրությամբ պատվիրակված էր միջազգային գրային համակարգերով 151 վերին մակարդակի դոմենային տիրույթ՝ 37 լեզուներով և 23 գրային համակարգերով։ Երկրորդ մակարդակում գրանցված միջազգայնացված դոմենային անունների թիվը մոտ 4,3 միլիոն էր։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը