Հայաստանն ակտիվորեն մասնակցում է գլոբալ ինտերնետ քաղաքականության ձևավորմանը

Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN-83 համաժողովն անցկացվեց հունիսի 9-12-ը՝ Պրահայում, Policy Forum ձևաչափով։ Այն մեկտեղեց 137 երկրից ավելի քան 1750 մասնակիցների, ներառյալ կառավարությունների, մասնագիտական համայնքների, տեխնիկական ոլորտի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։

Հայաստանը համաժողովում ներկացնում էին՝ .am և .հայ ազգային դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցիչները։ Կազմակերպության պատվիրակությունում էին խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը և արտաքին կապերի մենեջեր Կատարինա Գևորգյանը։

«Կայուն, անվտանգ և միասնական ինտերնետ ու չարաշահումներից զերծ դոմենային միջավայր ապահովելը համընդհանուր մարտահրավերներից է, որին դիմակայելու համար մասնագետները շարունակական աշխատանք են կատարում։ ICANN-ի այս համաժողովներն այդ առումով տարբեր մեթոդներին տեղեկանալու և դրանց ստեղծման գործընթացին մասնակցելու լավագույն հարթակներից է։ Փորձում ենք այն արդյունավատորեն օգտագործել՝ հօգուտ հայաստանյան դոմենային տիրույթների զարգացման»,- ընդգծեց Քրիստինա Հակոբյանը։

ICANN83-ի քննարկումների առանցքում էին գլոբալ ինտերնետ կառավարման մարտահրավերները՝

  • բազմաշահառու մոդելի արդյունավետության բարձրացում,
  • DNS համակարգի չարաշահումների կանխարգելում,
  • դոմենային անունների պաշտպանության իրավական մեխանիզմների զարգացում,
  • մտավոր սեփականության իրավունքները դոմենային տիրույթում։

Համաժողովի շրջանակում նշվեց Համընդհանուր ընդունում (Universal Acceptance՝ UA) շարժման տասնամյակը։

«UA շարժման հոբելյանը ոչ միայն անցածի ամփոփում էր, այլև առաջիկա գործողությունների հստակ ուղենիշ։ Մեր կազմակերպությունը կշարունակի ակտիվ աշխատել ՀԸ ուղղությամբ՝ օգտվելով ICANN-ի տված նոր հնարավորություններից», — նշեց Կատարինա Գևորգյանը։

Հայաստանի ներկայցուցիչները մասնակցել են նաև տարածաշրջանային թեմատիկ քննարկումներին՝ ներկայացնելով .am և .հայ դոմենների զարգացման փորձը, DNS անվտանգության գործող մեխանիզմները, ինչպես նաև UA նախաձեռնությունների ինտեգրումն ազգային մակարդակում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը