Համայնքային ցանցերի ընդլայնումը լայնաշերտ ինտերնետի հասանելիություն ապահովելու մերօրյա արդյունավետ միջոցներից է։ Դրա առավելագույն կիրառության ֆինանսական, համագործակցային, տեխնիկական ընդհանուր մեխանիզմներն ու մեթոդներն են քննարկվել հունիսի 6-ին եւ 7-ին Երեւանում կայացած Կապի եվրոպական գագաթնաժողովում։
«Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրի ներքո չորս երկրներից հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներին մեկտեղած գագաթնաժողովում ընդգծվել է լայնաշերտ ինտերնետի կարեւորությունը՝ որպես կրթական ու զարգացման գործիք։
Գագաթնաժողովում գնահատվել է լայնաշերտ ինտերնետի հասանելության ապահովման գործում վաստակ ունեցող անձանց ՝ այդ թվում նաեւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանի վաստակը։
Մկրտումյանին շնորհվել է Global ISOC – ի սահմանած մրցանակը՝ Հայաստանում ինտերնետի զարգացման եւ ընդլայնման ուղղությամբ ԻՀՀՀ ՀԿ նշանակալի գործունեության համար։
«Համայնքային ցանցերի ընդլայնման համար արդյունավետ կլինի նախ համայնքներում լիդեր լինելու պատրաստակամություն ունեցողներին հայտնաբերել ու կրթելը, ապա համայնքին ինտերնետ տրամադրելը։ Այդ պարագայում՝ համայնքը մեդիա պրոդուկտի սպառողից կվերածվի ինտերնետի հնարավորությունները համայնքի զարգացման համար կիրառողի՝ ապրանք ստեղծողի»,- մրցանակն ստանալիս ասել է Իգոր Մկրտումյանը։