Ինտերնետ մուտք գործելիս օգտատերը չի էլ կարող կռահել, որ իր և համաշխարհային ցանցի միջև կարող է կանգնած լինել միջնորդ, որն ուղղորդում է կապը։ Այդ «միջնորդը», այսպես կոչված, Proxy Server-ներն են։
Միջնորդավորված սերվերը համակարգչի և արտաքին վեբ ռեսուրսի, օրինակ՝ կայքէջի միջև գործող սերվերն է, որի գործառույթններն են՝
- փոխել IP հասցեն՝ թաքցնելով օգտատիրոջ իրական գտնվելու վայրը,
- ստուգել հարցումը՝ անվտանգության համար,
- հիշել հաճախակի օգտագործվող հարցումների բովանդակությունը՝ դրանց արագ արձագանքելու համար,
- արգելափակել որոշ կայքեր, անվտանգության նկատառումներով։
Proxy Server-ներն ապահովում են անանունություն և գաղտնիություն։ Օգտատերը կարող է թաքցնել իր IP հասցեն՝ ստեղծելով ավելի մեծ գաղտնիություն համացանցում։ Սա հատկապես կարևոր է լրագրողների, ակտիվիստների կամ սահմանափակումներ ունեցող երկրներից օգտվողների համար։ Միևնույն ժամանակ, որոշ օգտատերեր պրոքսին կիրառում են աշխարհագրական սահմանափակումները շրջանցելու նպատակով, օրինակ՝ երկրում անհասանելի կայք այցելելու համար։ Կազմակերպություններն այս սերվերներն օգտագործում են մոնիթորինգի՝ աշխատակիցների վեբ մուտքերը վերահսկելու, որոշ կայքերի հասանելիությունը սահմանափակելու, ինչպես նաև ինտերնետ թրաֆիքը զտելու համար։ Proxy Server-ները նաև արխիվացնում են որոնման արդյունքները, պահպանում հաճախ դիտվող կայքերի բովանդակությունը և հարցման դեպքում տրամադրում անմիջապես պահոցից, ինչը մեծացնում է պատասխանի արագությունը և նվազեցնում ինտերնետ թրաֆիքը։
Այս սերվերների կիրառումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր՝ անձնական տվյալների արտահոսք։ Կարևոր է օգտվել միայն հեղինակավոր պրոքսի ծառայություններ մատուցող հարթակներից կամ սեփական կազմակերպության ներքին պրոքսի լուծումներից։





























