Ռեգիտոն2024. ICANN-ը ներկայացրել է դոմենների կառավարման նոր հնարավորությունները

Ռեգիստրարների եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ամենամյա աշխատանքային հանդիպումը .am-ի հոբելյանական տարում բացառիկ էր։ «Ռեգիտոն2024»-ին, որը համախմբել էր 30 ռեգիստրարի, ի թիվս այլ հյուրերի, մասնակցում էին ICANN-ի եւ ԲՏԱ ներկայացուցիչները։

Վերջինս խոսեց դոմենների կառավարման եւ տվյալների պահպանման ու որոնման համաշխարհային միտումներից, համընդհանուր ընդունման գործընթացի ներկա փուլից եւ առաջիկա զարգացումներից, ինչպես նաեւ նոր՝ դեռեւս փորձարկման փուլում գտնվող RDAP ծառայությունից։ Այն շուտով կփոխարինի ներկայում լայնորեն կիրառվող Who is ծառայությանը՝ առաջարկելով գործառույթների ավտոմատացման եւ գրանցորդների տվյալների պահպանման ավելի լայն հնարավորություններ։

.am-ում գրանցումների տարեկան աճը կազմում է 5,3%, ինչը տարածաշրջանի մակարդակում լավ ցուցանիշ է, բայց դեռեւս ցանկալի առավելագույնը չէ։ .am-ի զարգացման ընթացքը ներկայացրեց ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։ Ավելի մեծ արդյունքների հասնելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է ուսումնասիրել ICANN-ի 10 լավագույն ռեգիստրարների գործունեության մեթոդները եւ փոխառել հաջողված փորձը։

Կիբերանվտանգության չափորոշիչները եւ մասնագետների արտոնագրման կարգն օրենքով սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ոլորտի օրենսդրական այլ հարցեր քննարկվել են ԲՏԱ ներկայացուցչի հետ։

«Ռեգիտոն 2024»-ում ռեգիստրարներին ներկայացվել է նաեւ համակարգչային միջադեպերի արձագանքման թիմերի (Computer Emergency Response Team, CERT) գործունեությունն ու նրանց հետ համագործակցության կարեւորությունը։ CERT-երը զգալի դեր կարող են կատարել .am եւ .հայ տիրույթներում կիբեռանվտանգության մակարդակը բարձրացնելու առումով։ Նրանք բացահայտում են կիբերսպառնալիքները եւ դրանք կանխելու մեթոդներ հուշում կայքերի կառավարիչներին։

Համացանցային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից ռեգիստրարներն առանձնացրել են նաեւ հոթսինգ ծառայության ոլորտում ուժերի մեկտեղումը եւ անհրաժեշտ նոր ենթակառուցվածքների ստեղծումը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը