UNESCO-ի հանձնարարականը՝ ինտերնետի բազմալեզվությունը հիմնարար իրավունք է

Համացանցի ապագան պետք է կառուցվի բազմալեզվության, ներառականության և մարդու իրավունքների հիման վրա։ Իսկ սեփական լեզվով արտահայտվելը և բազմալեզու տեղեկատվության հասանելիությունը դեռևս 2003-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած «Կիբեռտարածությունում բազմալեզվության խթանման և համընդհանուր հասանելիության մասին» հանձնարարականում ճանաչվել է հիմնարար իրավունք։

Այս մասին Երևանում կայացած UADay2026 տարածաշրջանային համաժողովի շրջանակում խոսել է UNESCO-ի թվային ներառման, քաղաքականության և թվային փոխակերպման բաժնի տնօրեն Գիլհերմե Կանելան։

Նա Փարիզից տեսաուղերձով ողջունել է միջոցառման մասնակիցներին ու բարձր գնահատել կազմակերպչի՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աշխատանքը՝ նշելով, որ «Համընդհանուր ընդունում» շարժման (Universal Acceptance, UA) նախաձեռնությունները կարևոր դեր ունեն գլոբալ թվային ներառականության ապահովման գործում։

«UA-ն անմիջականորեն առնչվում է ՄԱԿ-ի Գլոբալ թվային պայմանագրին (Global Digital Compact) և WSIS+20 գործընթացին։ Դրանց նպատակը թվային կյանքին յուրաքանչյուրի լիարժեք մասնակցությունն ապահովելն է՝ անկախ լեզվից կամ մշակութային պատկանելությունից»,- ընդգծել է Կանելան։

UNESCO-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ICANN-ի հետ, ակտիվորեն առաջ է մղում Համընդհանուր ընդունման օրակարգը՝ ապահովելու համար, որպեսզի թվային համակարգերը ճանաչեն և աջակցեն բոլոր լեզուներն ու գրային համակարգերը։

«Լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մշակութային ինքնության և գիտելիքի հիմնաքար։ Լեզվական բազմազանությունը ներառական գիտելիքային հասարակությունների ձևավորման կարևոր նախապայման է»,- նշել է նա։

Գիլհերմե Կանելան կարևորել է նաև Բնիկ լեզուների միջազգային տասնամյակի շրջանակում իրականացվող աշխատանքները, որոնք նպատակ ունեն պաշտպանել և զարգացնել բնիկ լեզուները նաև թվային միջավայրերում։ Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ներառական լեզվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և քիչ ռեսուրսներով լեզուների թվայնացմանը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը