Անվտանգ և անանուն ինտերնետային կապի անհրաժեշտությունը բերել է VPN՝ Virtual Private Network (վիրտուալ մասնավոր ցանց) տեխնոլոգիայի ստեղծմանը։ Այն հնարավորություն է տալիս օգտատերերին ունենալ պաշտպանված կապ՝ նույնիսկ բաց կամ վերահսկվող ցանցերում՝ ապահովելով տվյալների գաղտնիությունը և ինտերնետային ազատություն։
VPN-ի ստեղծման սկիզբը դրվեց 1996 թվականին, երբ Microsoft-ի ինժեներ Գուրդեիպ Սինգհ Փալը մշակեց PPTP (Point-to-Point Tunneling Protocol) անվանվող առաջին VPN պրոտոկոլը։ Սկզբում այն նախատեսված էր կորպորատիվ ցանցերի համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ու ինտերնետի հասանելիության ընդլայնման արդյունքում VPN-ը դարձավ հանրամատչելի գործիք՝ հասանելի նաև անհատ օգտատերերին։
VPN-ը գործում է «թունելի» սկզբունքով՝ կոդավորում է օգտատիրոջ և նպատակային կայքի միջև ամբողջ կապը։ Դրանով պաշտպանում են տվյալները հնարավոր գաղտնալսումից, վերահասցեագրումից կամ միջնորդի միջամտությունից։
Այսօր VPN տեխնոլոգիան կիրառվում է տարբեր նպատակներով՝
- անանունություն ապահովելու,
- անձնական տվյալները պաշտպանելու,
- աշխարհագրական սահմանափակումները շրջանցելու,
- արգելափակված կայքեր մուտք գործելու,
- կորպորատիվ ցանցերին հեռավար միանալու համար։
Տեխնոլոգիան լայնորեն օգտագործվում է լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների, բիզնես ոլորտի մասնագետների, ինչպես նաև ինտերնետային գրաքննության պայմաններում աշխատող օգտատերերի կողմից։
VPN-ը դարձել է ինտերնետ կապի անվտանգության ապահովման բաղադրիչներից, որը ստեղծում է թվային ազատության և տեղեկատվական ինքնիշխանության նոր մակարդակ։




























