Թվային հնարավորությունների եւ հմտությունների զարգացման միջավայր ստեղծելուն ուղղված՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի ծրագրերը շարունակվում են։
Ի համալրումն իրագործված տեխնիկական վերազինման, Լոռու մարզի գրադարանները, մասնավորապես՝ Լոռու մարզային գրադարանը, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգը, եւ եւս մի քանիսն առաջիկայում կստանան 20 համակարգիչ։ Սպիտակի քաղաքային գրադարանն այս փուլով արդեն ստացել է եւս 4 համակարգիչ։ Լոռու մարզում ԻՀՀՀ ՀԿ-ն գրադարանների թվային կառավարման եւ դրանք համայնքային ինտերնետային կենտրոնների վերափոխելու ծրագրով մինչ օրս աշխատել է 14 գրադարանների հետ։
«Մեր կազմակերպությունը փորձում է ոչ միայն մարզային համայնքներին լայնաշերտ ինտերնետին հասանելիություն տալ եւ ստեղծել համացանցի կրթական անսպառ ռեսուրսներից օգտվելու հնարավորություն, այլեւ՝ նպաստել գրադարանների գործունակության ակտիվացմանն ու արդիականացմանը»,- նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը։