Հայաստանի և Ռուսաստանի ազգային դոմենների կառավարիչ կազմակերպությունները՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Համացանցում ազգային դոմենի համակարգման կենտրոն» ԻՈԱԿ-ը հունիսի 21-ին Երևանում ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։
Նպատակը երկու երկրների վերին մակարդակի .am և .ru, ինչպես նաև ազգային այբուբեններով՝ .հայ և .рф դոմենային տիրույթների զարգացումն է, բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաև՝ հաջողված փորձի փոխանակման ընդլայնումը։
«Այսօր, ըստ էության, մենք ամրագրում ենք մեր կազմակերպությունների միջև արդեն տասնամյակներով ընթացող բազմակողմանի համագործակցությունը փաստաթղթով։ Այս հուշագիրը համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ է ստեղծում»,- նշեց ԻՀ ՀԿ տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։
«Համացանցում ազգային դոմենի համակարգման կենտրոն» ԻՈԱԿ-ի տնօրեն Անդրեյ Վորոբյովն էլ ընդգծեց. «Հայաստանյան մեր գործընկերոջ հետ համագործակցությունը մշտապես փոխշահավետ հիմքերի վրա է եղել։ Վստահ ենք՝ համացանցը զարգացնելու գործում այսուհետ էլ միասնաբար առաջ ենք գնալու»։
Արդեն 30 տարի գործող .am դոմենային անունների տիրույթում, որը թողարկվել է 1994-ի օգոստոսի 26-ին, ներկայում գրանցված է ավելի քան 45.740 դոմեն։ Ինը տարի առաջ սկսվել է նաև հայատառ .հայ դոմեի գրանցումը, որտեղ դոմենների քանակը շուրջ 900 է։
1994-ի ապրիլի 7-ին գործարկված .ru դոմենային տիրույթում կա ավելի քան 6 միլիոն դոմեն, տասնհինգամյա .рф տիրույթում դոմեննրը շուրջ 800.000 հազար են։





























