TLDCON 2024-ում նշվել է համաժողովի մասնակից երկրներից 4-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կոդ հանդիսացող դոմենների 30-ամյակը։
.am, .ru, .by եւ .kz դոմենների կառավարիչներն, անցնող երեսուն տարիներին ունենալով զարգացման տարբեր պայմաններ, աշխատել են տիրույթի ընդլայնման, դոմենների քանակն ավելացնելու եւ, իհարկե, անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
«Որպես .am եւ .հայ դոմենների կառավարիչ, մեր կազմակերպությունն ամեն ինչ անում է դոմենների ճանաչելիությամբ նաեւ երկրի ներկայանալիությունն ապահովելու համար»,- ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Աննա Կարախանյանը՝ Հայաստանը ներկայացնելով TLDCON 2024 միջազգային համաժողովում։
Ներկայում .by եւ .бел տիրույթներում գրանցված է 146 հազար դոմեն։ .kz-ում՝ 189.500, իսկ .каз-ում 534 դոմեն կա։ Ռուսաստանյան դոմենային բոլոր հինգ տիրույթներում, այս տարվա մարտի տվյալներով, գրանցումների թիվն անցել է 6 միլիոնը։ Հայկական դոմենային տիրույթներում դոմենների քանակը 45.542 է, որից 958-ը՝ .հայ-ում։
Չնայած թվային տվյալների նման ահռելի տարբերությանը, .am եւ .հայ դոմենային տիրույթները մրցունակ են ազատ անունների քանակով, գնային մատչելիությամբ, ազգային լեզվով դոմենի հանդեպ հետաքրքրությամբ, տեխնիկական սպասարկման որակով եւ հնարավորություններով, որոնք ոչնչով չեն զիջում համաշխարհային ընդգրկման բարձր մակարդակի դոմեններին։