30-ամյա .am-ը հոբելյանական տարում տարածաշրջանի մակարդակով գրանցումների տարեկան աճի լավ ցուցանիշ է արձանագրել՝ 5,3%։ Ցանկալի առավելագույը եվրոպական տարածաշրջանի ցուցանիշներին եւ միջազգային դոմենային շուկայում ավելի լայն կիրառության հասնելն է։ Ազգային դոմենի ընթացիկ զարգացումներին «Ռեգիտոն2024»-ում անդրադարձել է ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
«Հայաստանը նորագույն տեխնոլոգիաները ազգային դոմենային տիրույթի եւ համացանցային ենթակառուցվածքի զարգացման համար առաջին կիրառողներից է։ Սա արդյունքն է մեր կազմակերպության շուրջ պետական, մասնավոր հատվածի մասնագիտական համայնքի համախմբվածության, միջազգային մասնագիտական կառույցների հետ ակտիվ համագործակցության»,- նշել է նա։
Ավելի նշանակալի ցուցանիշի հասնելու համար, ըստ Մկրտումյանի, անհրաժեշտ է ուսումնասիրել ICANN-ի 10 լավագույն ռեգիստրարների գործունեության մեթոդները, մերձբալթյան երկրների պրակտիկան եւ փոխառել հաջողված փորձը։
Ներկայում .am-ի առավելություններից է ազատ անունների մեծ քանակը եւ դոմենը համադրելով՝ անգլերեն բառեր կամ արտահայտություններ, օրինակ` «I.am» ստեղծելու հնարավորությունները։
Այս պահին .am-ով գրանցված 44.329 դոմենների շուրջ 60%-ը Հայաստանից է, 20%-ը՝ ԱՄՆ-ից, որին .am-ի հանդեպ իրենց հետաքրքրությամբ հաջորդում են Չինաստանն ու Ռուսաստանը։ Իսկ .am-ում ներկայացող եվրոպական երկրների ցանկը գլխավորում է Գերմանիան, այդուհետ Մեծ Բրիտանիան է, Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները եւ այլն։
Հայաստանի ազգային դոմենը՝ .am-ը, երկրի կոդ հանդիսացող աշխարհում առաջին տիրույթներից է։ Ստեղծվել եւ գործարկվել է ինտերնետում դոմենային անունների համակարգի հայտնվելուց անմիջապես հետո՝ 1994-ին: