Ինտերնետը՝ որպես բազմալեզու և բազմագրային միջավայր զարգացնելու Սերբիայի փորձն աշխարհում հաջողվածներից է։ Երկրում ապրող 21 ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության շուրջ 15%-ը։ Փոքրամասնությունների լեզուներով վարչարարությունն, ըստ Սերբիայի օրենսդրության, հնարավոր է այն համայնքներում, որտեղ նրանց մասնաբաժինը հասնում է առնվազն 15%-ի։ Իսկ սահմանադրությամբ պաշտոնական հռչակված սերբերենն ունի երկրգրություն՝ կիրիլիցա և լատինատառ։
Սերբիան պահպանում է լեզվական ու գրային բազմազանությունը և ինտեգրում թվային միջավայր, այդ թվում՝ նաև դոմենային համակարգ։ 2008-ին գործարկված լատինատառ .rs ccTLD-ն և 2012-ին գործարկված կիրիլիցայով .срб IDN-ը, համաչափ զարգանում են` ներկայացնելով Սերբիան համացանցում։
Նախորդ տարեվերջի տվյալներով՝
- .rs — ում գրանցվել է 157.783 դոմեն, ինչը 6,49% աճ է 2024-ի համեմատ։
- .срб — ում գրանցվել է 3.189 դոմեն, ինչը 49,79% աճ է 2024-ի համեմատ։
Թեև .срб տիրույթում աճի տեմպը զգալի է, դրա մասնաբաժինը ընդհանուր դոմենային շուկայում դեռևս համեմատաբար փոքր է, ինչը բնորոշ է նաև գլոբալ IDN շուկային։
Երևանում կայացած «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» UADay2026 տարածաշրջանային համաժողում այս տվյալները ներկայացրել է Սերբիայի ազգային ինտերնետ տիրույթի ռեգիստրի հիմնադրամի (RNIDS) հաղորդակցության պատասխանատու Դայանա Միլուտինովիչը։
«Մի քանի տարի է, ինչ ստեղծել և անվճար տրամադրել ենք սերբերեն կիրիլիցայի համացանցային կիրառության 5 տառատեսակ։ .срб-ը՝ որպես կարևոր լեզվական-մշակութային գործիք, պատրաստել ենք համընդհանուր ընդունման, սակայն դեռևս չենք հասել դոմենի լայն կիրառության»,- ասել է Միլուտինովիչը։ Նրա խոսքով, երկրում գործող թվային և լեզվական քաղաքականություններն աստիճանաբար ձևավորում են այնպիսի միջավայր, որտեղ բազմալեզու լուծումները կարող են գործնական կիրառություն գտնել՝ հատկապես պետական կառավարման, կրթության և թվային ծառայությունների ոլորտներում։




























