Բազմալեզու ինտերնետը՝ գլոբալ օրակարգում․ UA Day2026-ը՝ Երևանում

Համընդհանուր ընդունման օրվա շրջանակում վերջին երեք տարիներին աշխարհի 82 երկրում, 39 լեզուներով անցկացվել է 167 միջոցառում, որոնք միավորել են շուրջ 23 000 մասնակցի։

Բազմալեզու ինտերնետի ապահովմանն ուղղված «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance — UA) համաշխարհային շարժմանը Հայաստանը միացել է առաջիններից՝ ի դեմս «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության։ Վերջինս, որպես .am և .հայ դոմենների կառավարիչ, ավելի քան տասը տարի աշխատում է համացանցում հայերեն լեզվի և հայատառ դոմենների լիարժեք կիրառությունն ապահովելու ուղղությամբ։

Տեխնիկական լուծումների մշակմանը զուգահեռ կազմակերպությունը նաև իրականացնում է իրազեկման և կարողությունների զարգացման ծրագրեր, կազմակերպում ամենամյա համաժողովներ UA Day-ի շրջանակում և ընդլայնում միջազգային համագործակցությունը։

Այդ համագործակցության կարևոր դրսևորումներից էր Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի (ICANN) բարձր մակարդակով մասնակցությունը UA Day 2026 համաժողովին, որը Երևանում անցկացվեց «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» խորագրի ներքո։

ICANN-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Կուրտիս Լինդքվիստը, դիմելով համաժողովի մասնակիցներին առցանց ձևաչափով, ընդգծել է բազմալեզու ինտերնետի զարգացման կարևորությունը.
«ICANN-ում համոզված ենք, որ ինտերնետը պետք է ծառայի բոլորին։ Բազմալեզու ինտերնետը լիարժեք իրականություն կդառնա միայն այն դեպքում, երբ բոլոր համակարգերը ճանաչեն և աջակցեն բոլոր վավեր դոմենային անուններին ու էլ. հասցեներին՝ անկախ դրանց լեզվից և գրությունից։ Միասին պետք է կառուցենք փոխգործունակ, կայուն և ներառական ինտերնետ բոլորի համար»։

Նա նաև շնորհավորել է UA Day-ի կազմակերպիչներին և կամավորներին՝ նշելով նրանց առանցքային դերը նախաձեռնության առաջխաղացման գործում․
«Ձեր առաջնորդության շնորհիվ մենք կարողանում ենք իրազեկվածությունը վերածել գործողության, իսկ գործողությունը՝ չափելի արդյունքների»։

Լինդքվիստը հավելել է, որ լեզվական բազմազանության ապահովումը թվային միջավայրում ուղղակիորեն կապված է թվային ներառման հետ․
«Մարդիկ պետք է կարողանան օգտագործել դոմենային անուններն ու էլեկտրոնային հասցեները իրենց լեզվով և գրությամբ՝ անկախ իրենց գտնվելու վայրից»։

Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ Համընդհանուր ընդունման առաջխաղացումը կարևոր նախապայման է բազմալեզու, ներառական և հասանելի ինտերնետ ձևավորելու համար։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը