Բազմալեզու ինտերնետը՝ երկրների տնտեսական ակտիվության գործոն

Աշխարհում և Հայաստանում համացանցի բազմալեզվության ապահովման գործընթացներն են ներկայացվել Երևանում մարտի 31-ին տեղի ունեցած «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» տարածաշրջանային համաժողովում։

Արդեն չորրորդ անգամ այն կազմակերպել էր .am և .հայ դոմենների ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ միջազգային «Համընդհանուր ընդունում» շարժման և այդ առիթով նշվող  օրվա՝ UADay2026-ի շրջանակում։

Համաժողովին մասնակցում էին բազմալեզու ինտերնետի զարգացման գործընթացի հիմքում կանգնած միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի (ICANN), Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցինչներ։

Հայաստանի եվրոպական համալսարանում անցկացված համաժողովին ներկա էին նաև տեխնիկական համայնքի ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ուղղվածության ուսումնական հաստատությունների սովորողներ և տեխնոլոգիական առաջընթացով հետաքրքրված անձինք։

«Ավելի քան 120 երկրներ և տեխնոլոգիական հսկաներն արդեն գիտակցել են համացանցի բազմալեզվության կարևորությունը ոչ միայն կրթական և մշակութային, այլև՝ տնտեսական զարգացման տեսանկյունից։ Ու պատահական չէ, որ Apple-ը, Google-ը, Microsoft-ը և այլ խոշոր կազմակերպություններ ստեղծել են Համընդհանուր ընդունման կառավարման խումբը (UASG) և ամեն ինչ անում են գործընթացն առաջ մղելու համար։ Հայաստանը՝ ի դեմս մեր կազմակերպության, արդեն մի քանի տարի այս գործընթացների մասնակից է։ Տեղական մակարդակով ինչ-ինչ խնդիրներ արդեն լուծել ենք և պատրաստ ենք միանալու միջազգային լուծումներին»,- համաժողովի բացմանը նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորդհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Համաժողովի օրակարգում էին տարբեր լեզուներով բովանդակության ստեղծման, թվային ենթակառուցվածքների վերափոխման և դրանց բազմալեզու գործարկման հնարավորության մասին հարցերը։

Բազմալեզու ինտերնետը, ըստ Microsoft-ի վերջին հետազոտությունների, խթանում է երկրների տնտեսական ակտիվությունը, քանի որ մարդիկ ավելի ակտիվորեն են ներգրավվում համացանցում իրենց մայրենի լեզվով բովանդակության հասանելիության դեպքում։ Քննարկումների առանցքում էր նաև «Համընդհանուր ընդունում» շարժման ընդլայնման նպատակով ակադեմիական շրջանակների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների համագործակցության կարևորությունը։

Համընդհանուր ընդունման օրվա միջոցառումները ողջ աշխարհում անցկացվում են 2023-ից՝ ICANN-ի և տեղական գործընկերների աջակցությամբ: 2026-ին Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում «Համընդհանուր ընդունման» օրվա տարածաշրջանային համաժողովները տեղի են ունեցել ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի համընդհանուր ընդունման տարածաշրջանային համակարգող խմբի կազմակերպչական աջակցությամբ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը