Կիբեռհարձակումների եւ այլ ճգնաժամային իրավիճակներում DNS-ների անվտանգ կառավարման ի՞նչ ուղեցույցներ է առաջարկվում ccTLD-ներին, ի՞նչ որոգայթներ կան ccTLD-ների միջսահմանային կառավարման հարցում, ինչպե՞ս մոնետիզացնել URL-ը, որո՞նք են ինտերնետ ռեգիստրն ամպային միջավայր տեղափոխելու մարտահրավերներն ու առավելությունները։
Այս եւ դոմենների կառավարմանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կտրվեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերին մակարդակի դոմենային անունների ռեգիստրների ասոցիացիայի (Asia Pacific Top Level Domain Association` APTLD) 87-րդ համաժողովում։
APTLD87 քառօրյա համաժողովը կանցկացվի փետրվարի 10-13-ը՝ Չինաստանի Հոնկոնգ քաղաքում։
Համաժողովում .am դոմենի զարգացման փորձը կներկայացնեն «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը եւ խորհրդի անդամներ Վեսմիրա Հարությունյանը եւ Նարինե Դերձակյանը։ Նրանք միաժամանակ կտեղեկանան դոմենային ոլորտի զարգացման գլոբալ միտումներին եւ դրանց հնարավոր կիրառման ուղիներին։
APTLD-ն հիմնադրվել է 1998-ին եւ օրինական կարգավիճակ ստացել 2003-ին` Մալազիայում։ Նպատակն է աջակցել ccTLD-ների կայուն զարգացմանը, խթանել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել մասնագիտական հանրույթի կարողությունները եւ պաշտպանել անդամների շահերը։ Կազմակերպության 2025-2027-ի ռազմավարական պլանով նախատեսվում է համատեղ նախագծերի խթանում, միջազգային համաժողովներին ակտիվ մասնակցություն, դոմենների գրանցման ու տվյալների գաղտնիության մոդելային ընթացակարգերի եւ քաղաքականությունների մշակում, դոմենային անունների անվտանգության եւ կիբեռանվտանգության զարգացում, ինչպես նաեւ հաջողված փորձի տարածում։