Հայաստանի ազգային .am տիրույթի ստեղծման պատմությունն ու 30-ամյա գործունեությունը ներկայացվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերին մակարդակի դոմենային անունների ռեգիստրների համաժողովում (APTLD86՝ Asia Pacific Top Level Domain Association)։
APTLD86-ը գումարվել է Վիետնամի Դանանգ քաղաքում՝ սեպտեմբերի 17-ից 20-ը։
Հայաստանը քառօրյա այս համաժողովում ներկայացրել են «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամներ Նարինե Դերձակյանն ու Վեսմիրա Հարությունյանը։
Վերջինս իր ելույթում անդրադարձել է .am-ի պատմությանը եւ ընդգծել. «Մեր կազմակերպության նպատակը .am տիրույթի շարունակական զարգացումն է եւ մշտապես համաշխարհային զարգացումներին համաքայլ լինելը»։
Վեսմիրա Հարությունյանը ներկայացրել է տիրույթը զարգացնելու եւ ընդհանուր առաջընթացի նպատակով «Ինտերնետ հանրության» ձեռնարկած բազմաբնույթ քայլերը։
APTLD86-ում քննարկվել են ինտերնետի կայունության, անվտանգության, կիրառելի միջազգային ստանդարտների, տվյալների պահպանման, հեղինակային իրավունքի եւ այլ ուղղություններում համագործակցային եւ նորարարական մեթոդների մշակման խնդիրները՝ հիմնվելով ccTLD համայնքի փորձի վրա:
Տարեկան երկու անգամ գումարվող APTLD համաժողովները ռեգիստր կազմակերպությունների փորձի փոխանակման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաեւ դրանց կիրառման եղանակներին տեղեկանալու միջազգային հարթակներ են։