Տեխնոլոգիական ժամանակակից զարգացումներից հետ չմնալուց բացի, համացանցում հայերենով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելը նաև նպատակ ունի մեր երկիրը, ազգը ներկայացնելու համացանցային անծայրածիր տիրույթում։
Այս մասին հայտարարեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը՝ Համընդհանուր ընդունման օրվա առիթով Երևանում մարտի 28-ին տեղի ունեցած միջազգային համաժողովում։
Նրա խոսքով, միանալով «Համընդհանուր ընդունում» միջազգային շարժմանը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն աշխատում է ոչ միայն տեխնիկական լուծումների, այլև հայերեն բովանդակության ստեղծման և ավելի շատ մարդկանց համար ինտերնետը՝ որպես կրթական անսպառ ռեսուրս հասանելի դարձնելու ուղղությամբ։
ՏՏ ոլորտում վերջին տարիներին նոր թափ հավաքող «Համընդհանուր ընդունում» շարժումը նախաձեռնել են «Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան»՝ ICANN-ը, ոլորտի առաջատարներ Apple-ի, GoDaddy-ի, Google-ի, Microsoft-ի և Verisign-ի հետ համատեղ։ Նպատակը համացանցն աշխարհի տարբեր լեզուներով գործարկելի դարձնելն է, ցանցային համակարգերում տարբեր տառերով դոմենային հասցեների և էլ. փոստերի ընդունումն ու ճանաչումը։
«ICANN-ը ձգտում է նույնականացման համակարգերի ներդրմամբ նվազեցնել թվային բաժանումն աշխարհում և ազգային այբուբենները համացանցում կիրառելի դարձնել, որպեսզի բոլորն իրենց մայրենի լեզվով կարողանան օգտվել ժամանակակից ռեսուրսներից ու ծառայություններից»,- համաժողովի բացմանը նշեց հատուկ հյուր, ICANN խորհրդի անդամ Մաարտեն Բոտտերմանը։
Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Սերբիայի, Հնդկաստանի, Բելառուսի, Լաոսի, Բահրեյնի IT ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուծիչը։ «Զարգացնելով IDN, EAI և նոր gTLD հնարավորությունները» համաժողովում ներկայացվեցին տարբեր երկրներում ընթացող տեխնոլոգիական լուծումները, միջազգայնացված դոմենային անունների (IDN) առաջխաղացման ռազմավարական մոտեցումները: Քննարկվեցին հաջողված նախաձեռնությունները և համընդհանուր ընդունման հետ կապված մարտահրավերները: Նշվեց, որ բոլոր երկրներում տեխնոլոգիական լուծումները մշակվում և քայլ առ քայլ գործարկվում են, այժմ դրանց մասին իրազեկման լայն արշավներ իրականացնելու և հանրությանը համացանցում մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունների մասին տեղեկացնելն է։
Միջոցառումը կազմակերպել էր ազգային .am և .հայ դոմենները համակարգող «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն՝ «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) և «Ինտերնետ հանրություն Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համատեղ։