Համընդհանուր ընդունումն ազգային ինքնության պահպանման կարևոր գործիք է

Աշխարհի բնակչության 2,36 միլիարդը դեռևս համացանցում չէ։  Ներկայում ինտերնետ օգտատեր է 5,56 միլիարդ մարդ։ Նրանց թիվը կարող է զգալիորեն աճել համացանցում ազգային այբուբենների կիրառության շնորհիվ։

Վերջինն իրականացնելու նպատակով ստեղծված «Համընդհանուր ընդունում» համաշխարհային շարժման անդամ է նաև Հայաստանը՝ ի դեմս «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի։ Այդ շարժման շրջանակում էլ Համընդհանուր ընդունման միջազգային օրը՝ մարտի 28-ին, Երևանում գումարվել էր միջազգային համաժողով։
«Ավելի քան 10 տարի է՝ աշխատում ենք հայատառ՝ .հայ դոմենի զարգացման ուղղությամբ։ Մշակել և գործարկել ենք ՀԸ տեխնիկական լուծումները, և այսօր մեր թիմը փորձարկում է նաև հայատառ էլ.փոստի կիրառությունը»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

Միջազգային համաժողովում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը կարծիք է հայտնել, որ պետական մարմինները նույնպես չպետք է հապաղեն ՀԸ իրականացման առումով, քանի որ համացանցը դարձել է գլոբալ մշակութային, կրթական և տեղեկատվական փոխհարաբերությունների հիմնական հարթակ։ Նրա խոսքով՝ շուտով .հայ-ով գրանցված ավելի քան 900 դոմեններին կմիանան նաև Ազգային ժողովը և պատգամավորներին ներկայացնող դոմեններ։

«Այս նախաձեռնությունը կարևոր է նաև Սփյուռքի համար։ Այսօր յուրաքանչյուր լեզվի և մշակույթի պահպանումն ու ապագան կախված են հենց համացանցում դրանց կիրառելիության չափից։ Ուստի ՀԸ ազգային ինքնության պահպանման կարևոր գործիք է։ Հայալեզու թվային միջավայրի շարունակական զարգացման միջոցով ոչ միայն մեծացնում ենք տեղեկատվության հասանելիությունը, այլև՝ ամրապնդում մեր թվային ինքնիշխանությունը»,- ընդգծել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի  խորհրդական Նելլի Ղուլյանը՝ Համընդհանուր ընդունումը դիտարկելով որպես լայն ու ռազմավարական կարևորության խնդիր։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը