Մայիսի 5-ը Հայաստանի թվային օրացույցում արդեն 12 տարի տիտղոսակիր օր է՝ տոնում ենք հայատառ .հայ դոմենի ծնունդը։
Համացանցում նոր հայկական հասցեն՝ .հայ-ը գրանցվեց 2014-ին և գործարկվեց 2016-ի մայիսի 5-ին։ Այդ օրվանից Հայաստանը դարձավ այն քիչ երկրներից, որոնք իրենց լեզուն ու այբուբենը համաշխարհային դոմենային անունների համակարգում (DNS) ճանաչելի դարձնելու գործընթացն էին սկսել։
Եթե մինչ այդ կայքերի հասցեները գրվում և գրանցվում էին լատինատառ՝ .am կամ մեկ այլ տիրույթում, ապա .հայ-ը հնարավորություն տվեց համացանցում հասցեները գրանցել ամբողջությամբ հայատառ, օրինակ՝ ծաղկաձոր.հայ, մագաղաթ.հայ և էլեկտրոնային հասցե, օրինակ՝ ձմեռ.պապ@հայ։
Սակայն անհրաժեշտ էր ոչ միայն տեխնիկական լուծումներ մշակել, այլև ապահովել, որպեսզի հայերեն տառերը ճանաչվեն համաշխարհային ինտերնետային համակարգերի կողմից և բոլոր դոմեններն ու էլեկտրոնային հասցեները՝ անկախ լեզվից ու գրությունից, հավասարապես աշխատեն բոլոր համակարգերում։
Այդ խնդիրների լուծմանն ուղղված «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance) համաշխարհային շարժմանն առաջիններից միացավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ .am և .հայ դոմենային տիրույթների կառավարիչ կազմակերպությունը։
ԻՀ ՀԿ-ն ի սկզբանե ստանձնել է .հայ դոմենային տիրույթի ստեղծման, գործարկման ու զարգացման գործը և արդեն տարիներ առաջ է տանում Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN-ի ու ոլորտի միջազգային այլ գործընկերների հետ։
Տեխնիկական առումով .հայ-ը միջազգայնացված դոմենային անունն է՝ IDN։ Այդպես են կոչվում ազգային այբուբեններով՝ արաբերեն, չինարեն, կիրիլիցա, հունարեն, հայերեն և այլ գրերով դոմենները։ Աշխարհում IDN-ների թիվն աճում է, սակայն դրանց լիարժեք կիրառությունը շարունակում է մարտահրավեր մնալ։
Այնուամենայնիվ .հայ-ը պարզապես դոմեն չէ, այն համացանցում հայերեն տառերի լիարժեք կիրառությունն ապահովելու մեկնակետն է, նաև Հայաստանի թվային ինքնության առանցքային և արդեն որոշակիրեն ճանաչելի բաղադրիչը։ Եվ որքան շատ են հայատառ հասցեները, հայատառ կայքերն ու հայերեն թվային ծառայությունները, որքան շատ է հայրեն որակյալ բովանդակությունը համացանցում՝ նաև որպես արհետական բանականության՝ AI մոդելների լեզվական հիմք, այնքան ավելի տեսանելի, ներկայանալի ու կիրառելի է դառնում հայերենը համաշխարհային թվային միջավայրում։
Գրանցի՛ր քո հայատառ դոմենը .հայ-ում, դարձի՛ր համացանցում հայակականության տիրույթն ընդլայնող և բազմալեզու ինտերնետ կառուցող համայնքի անդամ։




























