Skip to main content

Հայաստանում ֆիքսված կապի միայն 21%-ն է ապահովում 100 Մբիթ/վրկ կամ ավելի արագություն՝ ԵՄ-ի 72%-ի համեմատ

Հայաստանի տարածքի գրեթե 100%-ն այսօր ապահովված է բջջային ինտերնետով, ինչը չի նշանակում, թե երկրի բոլոր բնակիչներն ունեն արագ և հուսալի կապ։ Մինչդեռ թվային ծառայությունների, հեռավար աշխատանքի, առցանց կրթության և ԱԲ կիրառության ընդլայնումը պահանջում է նոր սերնդի լայնաշերտ ցանցեր։ Այս մասին նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված ArmIGF2026-ում խոսել է Համաշխարհային բանկի թվայնացման մասնագետ Հիմմաթ Սինգ Սանդհուն։

Նրա ելույթի հիմքում Հայաստանում լայնաշերտ կապի ենթակառուցվածքների ուսումնասիրությունն էր։ Սանդհուի խոսքով՝ կարևոր է տարբերել ինտերնետի հասանելիությունը դրա որակից։ Օրինակ՝ առցանց տեսազանգի համար մեկ համակարգչին անհրաժեշտ է առնվազն 25 Մբիթ/վրկ արագություն, իսկ ամբողջ դպրոցում միաժամանակյա առցանց դասերի համար պահանջվում է գիգաբիթային կապ։ Հետևաբար, ենթակառուցվածքները պետք է ոչ միայն ապահովեն այսօրվա պահանջները, այլև հնարավոր լինի արդիականացնել դրանք՝ առանց ամբողջ ցանցը վերակառուցելու։

Ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 68%ն ունի ֆիքսված լայնաշերտ ինտերնետ։ Ֆիքսված կապերի մեծ մասն օպտիկամանրաթելային է, սակայն բարձր արագությամբ փաթեթներից օգտվողների թիվը համեմատաբար քիչ է։ ՀԲ-ի տվյալներով՝ ֆիքսված կապերի միայն 21%-ն է ապահովում 100 Մբիթ/վրկ կամ ավելի արագություն, մինչդեռ Եվրամիության միջին ցուցանիշը 72%-է։ Այս տարբերությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն ցանցի առկայությունը չէ․ կարևոր է նաև, որ մարդիկ կարողանան օգտվել ավելի արագ կապից։

Ուսումնասիրության ընթացքում վերլուծվել է նաև Ookla հարթակում չորս տարվա ընթացքում կատարված շուրջ 6 միլիոն արագաչափման արդյունք։ Դրանց ավելի քան 20%-ն արձանագրել է 100 Մբիթ/վրկ կամ ավելի արագություն։ Սանդհուի խոսքով՝ Հայաստանում դեռ կան բնակավայրեր, որտեղ օպտիկամանրաթելային կապը հասնում է մինչև վերջին կետը, բայց բացակայում է հիմնական ցանցին միացնող անհրաժեշտ ենթակառուցվածքը։

Տեսնել ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը