Անուն@էլփոստ.հայ՝ հենց այսպիսի լիովին հայատառ էլ. փոստ ունենալու հնարավորությունն այսօր արդեն առկա է՝ առայժմ փորձնական փուլում եւ սահմանափակ սերվերային հնարավորությամբ։ Ինտերնետ հանրություն ՀԿ-ի տեխնիկական թիմը սկսել է աշխատանքները լիովին հայատառ էլ. փոստի գործարկման տեխնիկական խնդիրների լուծման ուղղությամբ։
Այսօր ՀԿ գրասենյակում տեղի ունեցած քննարկմանը մասնագետները տեղեկացրին, որ լոկալ սերվերում էլ. փոստն, ըստ էության, արդեն գործում է։ Առաջին հասցեները գրանցված են, ու ըստ նախնական փորձարկման, դրանք ընդունվում եւ ճանաչելի են նաեւ այլ համակարգերում։
ԻՀ ՀԿ խորհրդի անդամ, տեխնիկական թիմի ղեկավար Արամ Վերդյանը նշեց, որ տեխնիկական առաջադրանքները հիմնականում հաջողությամբ կատարված են։ Էլ. փոստի հետագա գործարկումը եւ հնարավորությունների ընդլայնումը կախված է միջազգային մակարդակում այժմ ընթացող գործընթացներից՝ Համընդհանուր ընդունման(Universal acseptance) շարժման շրջանակում։
Հայաստանը Համընդհանուր ընդունման շարժմանը միացել է նախորդ տարի եւ այս տարի դրա շրջանակներում մեր մերկրում նախանշվում է նաեւ տարածաշրջանային հավաք։
«Աշխարհը գնում է դեպի համընդհանուր ընդունում, ինչն ինտերնետն ազգային լեզուներով կիրառելու հնարավորությունը կընդլայնի։ Մենք պետք է պատրաստ լինենք տեղական մակարդակում՝ միանալու համաշխարհային այդ գործընթացներին, երբ համընդհանուր ձեւով արդեն բոլոր տեխնիկական խնդիրները կլուծվեն եւ համակարգը բաց կլինի բոլոր լեզուների համար։ Այս քայլերը հենց դրան են ուղղված, եւ ուրախ ենք այսօր արձանագրել առաջին հաջողությունները»,- ասաց ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։