Skip to main content

Ինտերնետի դիմակայություն. ինչպե՞ս է այն ձևավորվում

Հաղորդակցությունը կյանքի տարբեր ոլորտներում՝ բանկային համակարգից, պետական ու կրթական ծառայություններից մինչև բիզնես և այլն, այսօր առանց ինտերնետ պարզապես անպատկերացնելի են։ Հետևաբար առաջնային է ինտիերնետի դիմակայությունը։ Իսկ ի՞նչ է դա։

Տեխնիկական խափանումների, կիբեռհարձակումների, գերծանրաբեռնվածության, բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակներում համացանցի կայուն, անվտանգ ու շարունակական աշխատանքը պահպանելու և հնարավորինս արագ վերականգնվելու կարողությունն է ինտերնետի դիմակայությունը։

Զարգացած ենթակառուցվածքը, ցանցի արդյունավետությունը, կապի որակը, անվտանգությունը, մրցակցային և բազմազան շուկան միասին վերցված ձևավորում են ինտերնետի դիմակայությունը։

Եթե երկրի ինտերնետ կապը մեկ հիմնական կապուղուց կամ մատակարարից է կախված, ապա ցանկացած խափանում կարող է լայն ազդեցություն ունենալ։ Այլընտրանքային կապուղիները, մեկից ավելի մատակարարները, տվյալների կենտրոնները և ինտերնետ թրաֆիկի փոխանակման կետերը՝ IXP-ները, օգնում են նվազեցնել այդ կախվածությունը։ IXP-ների շնորհիվ տեղական ինտերնետ թրաֆիկը փոխանակվում է երկրի ներսում՝ առանց երկրե երկիր ճանապարհ անցնելու։

Ցանցի արդյունավետությունը և կապի որակի հարցում միայն ինտերնետի արագությունը բավարար չէ։ Համացանցը պետք է կայուն աշխատի նաև մեծ ծանրաբեռնվածության ժամանակ, արտակարգ իրավիճակներում, ունենա նվազագույն ուշացումներ և ապահովի տվյալների անխափան փոխանցում։

DNSSEC-ը նպաստում է դոմենային անունների համակարգի պաշտպանությանն ու DNS տվյալների իսկության ստուգմանը, իսկ անվտանգ երթուղավորման մեխանիզմները նվազեցնում են ինտերնետ թրաֆիկի սխալ կամ վնասակար ուղղորդման վտանգը։ Կարևոր է նաև IPv6-ի զարգացումը, որն ինտերնետը պատրաստում է միացված սարքերի և թվային ծառայությունների շարունակական աճին։

Ինտերնետի դիմակայությունը զարգացնելու համար պետք է միաժամանակ ավելացնել կապուղիների բազմազանությունը, զարգացնել տեղական ենթակառուցվածքներն ու IXP-ները, ուժեղացնել DNS և երթուղավորման անվտանգությունը, ընդլայնել IPv6-ի կիրառումը և պահպանել մրցակցային ինտերնետային միջավայրը։

Պարզ ասած՝ դիմակայուն ինտերնետը միայն արագ կապը չէ։ Այն համացանց է՝ պատրաստ անխափան գործելու տարատեսակ խնդիրների դեպքում, պատրաստ շարունակելու աշխատել և արագ վերականգնվել՝ յուրաքանչյուր անականոն կամ արտակարգ իրավիճակում՝ պահպանելով մեր թվային կյանքի բնականոն ընթացքը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը