«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի ու Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի համագործակցության սկիզբը նախորդ տարի մարտին էր։ ՀԿ-ն բուհում անհատույց ներդրեց գրադարանների թվային կառավարման իր մշակած նոր ծրագիրը եւ մասնագիտական խորհրդատվությամբ աջակցեց։ Ծրագիրը բուհում գործարկվեց 2023-ի սեպտեմբերից։
«Այս ծրագրի շնորհիվ մեր գրադարանի աշխատանքը զգալիորեն բարելավվելու է՝ արագության, մատենագիտական տվյալների ամբողջացման, ինչպես նաեւ ընթերցողների հետ համացանցային մշտական կապի հնարավորություն կունենանք»,- պարզաբանեց ԵԹԿՊԻ-ի գրադարանի վարիչ Գայանե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բուհի գրադարանի 46 հազար միավորից 8 հազարն արդեն ներբեռնվել է համակարգ եւ ամենօրյա ռեժիմով շարունակվում են այդ աշխատանքները, որոնք ավարտելու պես կկարողանան ամբողջապես անցնել գրադարանի թվային կառավարման համակարգին։
ԻՀՀՀ ՀԿ-ում մշակված գրադարանների թվային կառավարման ծրագիրը գործարկելի է անգամ թույլ հզորության, օրինակ՝ Pentium 4 համակարգիչներով։ Կիրառությունը պարզ է, արագ եւ տարբեր լեզուներով։ Ապահովում է մատենագիտական բոլոր տվյալների պատշաճ գրանցում եւ վարում։ Ներբեռնված թե՛ տեքստերի, թե՛ լուսանկարների մշակումը հնարավոր է՝ առանց այլ հավելվածների ու ծրագրերի։
Այս ծրագիրը հաջողությամբ կիրառվում է ինչպես ԵԹԿՊԻ-ի, այնպես էլ Լուռու մարզի գրադարանների թվային կառավարման եւ արդիականացման խնդիրը լուծելու համար։