Համաշխարհային դոմենային շուկան զարգացման նոր փուլում է։ Եթե նախկինում շուկայի աճը հիմնականում պայմանավորված էր .com տիրույթով, ապա այժմ աճի զգալի մասն ապահովում են ccTLD-ները՝ երկրի կոդ հանդիսացող դոմենները և new gTLD-ը, ինչպիսիք են .shop, .guru, .app և այլն։ Այնուամենայնիվ, աշխարհի ամենահայտնի երկու դոմենային գոտիները՝ .com-ը և .net-ը մնում են նոր բիզնեսների, կազմակերպությունների ու առցանց ծառայությունների հիմնական ընտրությունը և պահպանում են առաջատարի դիրքը։
Դոմենային շուկայի շուրջ 44,6 %-ը կազմում են .com և .net տիրույթները՝ 179,1 միլիոն գրանցումով, որից 166,6 միլիոնը՝ .com-ում, իսկ 12,5 միլիոնը՝ .net-ում։ Սա նշանակում է, որ աշխարհում գրանցված յուրաքանչյուր երկու դոմենից մեկը հենց այս երկու տիրույթներում է։
Միաժամանակ, .com և .net տիրույթներում, տարեկան կտրվածքով, արձանագրվել է 1,0 միլիոն դոմենի կամ 0,6 % նվազում։ Սա բացատրվում է շուկայի բազմազանությամբ. ավելի շատ կազմակերպություններ են նախընտրում երկրի կոդ հանդիսացող դոմեններ (ccTLD) և նոր վերին մակարդակի տիրույթներ (new gTLD)՝ իրենց գործունեության ոլորտին կամ աշխարհագրական ներկայությանը համապատասխան։
Հրապարակելով այս տվյալները՝ Domain Name Industry Brief (DNIB)-ի զեկույցի հեղինակները նաև արձանագրում են, որ .com և .net տիրույթների կարևոր ցուցանիշներից է նաև վերագրանցման (Renewal Rate) մակարդակը, որը երկրորդ եռամսյակում կազմել է 75,5 %՝ նախորդ տարվա 72,6 %-ի փոխարեն։ Այսինքն՝ գրանցված դոմենների զգալի մասը շարունակում է պահպանվել նաև հաջորդ տարիներին, ինչը վկայում է դրանց բարձր արժեքի և կայուն պահանջարկի մասին
Դոմենային շուկայի կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաև ccTLD-ների և new gTLD-ների առաջացրած մրցակցությունը, ըստ մասնագետների, դեռևս երկար ժամանակ մեծ ազդեցություն չի ունենա .com և .net դոմենային գոտիների առաջատարության վրա՝ շնորհիվ դրանց ճանաչելիության և վստահելիության։




























