Տեղի ունեցավ «․Հայ»-նեթ» եւ «Վիքի.հայ» մրցանակաբաշխությունը

«․Հայ»-նեթ» եւ «Վիքի.հայ» ամենամյա մրցույթների արդյունքներն այսօր ամփոփվեցին եւ հրապարակվեցին «․հայ» տիրույթում լավագույնը ճանաչված 5 կայքերը, ինչպես նաեւ՝ «Վիքիմեդիայի» լավագույն 3 խմբագիրների անունները։

Մրցույթները կազմակերպել են «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես «.հայ» եւ «.am» դոմենային տիրույթների կառավարիչ եւ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն։ Նպատակը «.հայ» տիրույթում գրանցված ու հայերեն բովանդակություն ստեղծող կայքերի զարգացումն է, հանրահռչակումը եւ համացանցում որակյալ բովանդակություն ստեղծողներին խրախուսելը։

«․Հայ»-նեթ» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթող կայքերն են՝

  • «հայաստանով.հայ»՝ «Ծառայությունների ոլորտում լավագույն հայերեն բովանդակություն»,
  • «ֆիզիկա9.հայ»՝ «Կրթական լավագույն հայերեն բովանդակություն»,
  • «բառուկ․հայ»՝ «Լավագույն խաղային, ժամանցային հայերեն բովանդակություն»,
  • «անցավ․հայ»՝ «Լավագույն հայերեն մասնագիտական էջ»,
  • «վեդրո․հայ»՝ «Լավագույն ստեղծագործական գաղափար»։

«․հայ» տիրույթում ներկայանալու եւ հայերեն բովանդակությունը զարգացնելու նպատակով՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը եւ գրող, հրապարակախոս Մհեր Արշակյանին կազմակերպությունը նվիրեց «.հայ» դոմեններ՝ արմենպրես.հայ եւ մհերարշակյան.հայ։
«Վիքի.հայ» մրցույթի շրջանակներում 2022-ին աշխատել է 12 խմբագիր եւ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանում հրապարակել 284 հոդված։ Հաղթողներն են՝ Հեղինե Խաչատրյանը, Արմինե Աղայանը, Դավիթ Օրդոյանը։

Հաղթողներին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն շնորհել է պատվոգրեր եւ մրցանակներ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը