Թվային գործիքները բիզնեսում. դասընթաց ձեռներեցների համար

Համացանցի զարգացումը թվային միջավայրում բիզնեսի համար անսահմանափակ հնարավորություններ է ստեղծել։ Դրանցից օգտվելու կարողությունները զարգացնելու նպատակով «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, հայկական ազգային դոմենի՝ .am-ի 30 ամյակի միջոցառումների շարքում, նախաձեռնել էր «Բիզնեսը թվային միջավայրում» դասընթացը։

«Թվային աշխարհը բարձր արդյունավետություն եւ մրցունակություն ապահովելու գործիքներ է առաջարկում։ Դրանք կիրառելի են բոլոր ոլորտներում։ Մեր նպատակն է ծանոթացնել այդ գործիքներին եւ ցույց տալ գործնականում դրանց կիրառության շահեկանությունը», — նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

Բիզնեսը առցանց՝ ներկայացնելու անվճար տարբերակների եւ դրանցից օգտվելու ձեւերի մասին խոսել է ձեռներեցների համար նախատեսված դասընթացի հիմնական բանախոս Reg.am կազմակերպության տնօրեն Մամիկոն Առաքելյանը։

«Կայքը, սոցցանցային էջերը, էլ. հասցեները որեւէ բիզնեսի առաջխաղացման արդյունավետ հարթակներ են։ Դրանք հնարավոր է ստեղծել անվճար եւ օգտագործել ժամանակակից այլ տեխնոլոգիական լուծումներ ձեր բիզնես ներմուծելու եւ այն զարգացնելու համար»,- ասել է Մամիկոն Առաքելյանը։

Ներկայացվել են նաեւ ամպային տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսում ՏՏ ենթակառուցվածքի ծախսերը կրճատելու, հաճախորդի պահանջները վերլուծական ծրագրերով պարզելու, բիզնես ռազմավրություն կազմելու, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառումը, պատվերի մշակումը եւ այլ բիզնես գործընթացներ ավտոմատացնելու մեխանիզմները։

Դասընթացի գործնական մասում մասնակիցները, մասնագետների օգնությամբ, ծանոթացել են առցանց գործիքների կիրառմանը եւ ստեղծել իրենց բիզնեսի նախատիպային կայքն ու այցեքարտ էջը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը