UA Day-2024՝ ճանապարհ դեպի բազմալեզու ինտերնետ

Համընդհանուր ընդունման օր-2024 (Universal Acceptance Day) համաժողովին, որն այս տարի անցկացվում էր Սերբիայում, Հայաստանը ներկայացրել են ԻՀ ՀԿ խորհրդի անդամ Աննա Կարախանյանը եւ ԻՀ ՀԿ անդամ Ավետիք Եսայանը։

Հիշեցնենք, որ այս միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է նախորդ տարի՝ Երեւանում։ Համընդհանուր ընդունում (Universal Acceptance) համաշխարհային շարժման նպատակը համացանցի բոլոր տիրույթներում ազգային տառատեսակներով գրանցված բոլոր դոմենային անունների եւ էլ. հասցեների ու հավելվածների ճանաչումը, ընդունումն ու կիրառելիությունն ապահովելն է։ UA Day միջոցառումները կազմակերպվում են «Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) աջակցությամբ։

Այսօր ինտերնետի օգտատերերի թիվը գերազանցում է 5,3 միլիարդը։ ՀԸ շնորհիվ այս թիվը կարող է աճել ավելի քան 1 միլիարդով, քանի որ համացանցի հնարավորություններից օգտվել կկարողանան անգլերենին չտիրապետողները։

Բելգրադում տեղի ունեցած համաժողովում ներկայացվել է այս ուղղությամբ տարբեր երկրներում կատարվող աշխատանքը, մասնավորապես, ազգային էլ. հասցեների գործարկումը եւ փոխադարձ ճանաչումը ապահովող քայլերի ընթացքը։

Սերբիայի ազգային ինտերնետ տիրույթի ռեգիստրի հիմնադրամի (RNIDS) գործադիր տնօրեն Դեյան Ջուկիչն ընդգծել է, որ սերբական դոմենային անունները «խոսում են» ե՛ւ լատինատառ, ե՛ւ կիրիլիցայով։ Ի դեպ կիրիլիցայի 5 տառատեսակներ են ստեղծվել ու տրվել անվճար կիրառության: Փաստվել է, որ երկրի լեզվական ու մշակութային բազմազանությունն արտահայտված է համացանցում։

Ազգային լեզվով ներկայացված դոմենների (IDN gTLD) քանակով առաջատարը Չինաստանն է. 10 IDN gTLD-ներից 9-ը չինարեն են եւ կազմում են համաշխարհային IDN gTLD-ների 86%-ը: Թեեւ թվերը տպավորիչ են, սակայն նշվել է, որ դեռ կարիքը կա կառավարության, կարգավորող մարմինների եւ այլ համապատասխան հաստատությունների միջամտության ե՛ւ Չինաստանում, ե՛ւ այլ երկրներում  ՀԸ-ի իրականացման հարցում։

ICANN-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Դանկո Յեւտովիչը, գնահատելով ընթացիկ համագործակցությունը եւ ՀԸ իրականացմանն ուղղված ընդհանուր ջանքերը, շեշտել է, որ կազմակերպությունը պատրաստ է ավելի լայնորեն աջակցել ՀԸ  խնդիրների իրականացմանը։

Հայաստանը ՀԸ շարժմանը միացել է ի դեմս «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի եւ  տեխնիկական լուծումների ու դրանք կիրառելու առումով առաջատար դիրքում է։ Հայատառ .հայ դոմենը գործում է արդեն 9 տարի, իսկ  հայատառ էլ.հասցեների՝ անուն@էլփոստ.հայ տիրույթը վերջնական փորձարկման փուլում է։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը