UA շարժման 10-ամյակը նշվեց ICANN83-ում՝ ԻՀ ՀԿ ակտիվ մասնակցությամբ

Ինտերնետում բազմալեզվության ապահովման նպատակով նախաձեռնված «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance – UA) շարժման հոբելյանական տարին՝ 2025-ը, նշանավորվում է աննախադեպ ակտիվությամբ։

UADay2025-ի շրջանակում 55 երկրում արդեն իրականացվել է 59 միջոցառում, որոնք ունեցել են 7,695 մասնակից։ Նախորդ տարվա համեմատությամբ, միջոցառումների քանակն աճել է ավելի քան 13%-ով, ներգրավված երկրներինը՝ 17%, իսկ մասնակիցների թիվը՝ շուրջ 18%-ով։

«Առաջիններից ենք միացել այս գործընթացին ու դեռևս 2023-ին Երևանում կազմակերպել Համընդհանուր ընդունման տարածաշրջանային համաժողով։ Այժմ այն Հայաստանում վերածվել  է ամենամյա ձևաչափի։ UA շարժման հաստատուն աճը նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աշխատանքի արդյունքն է», — նշել է կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

UA շարժման տասնամյակը նշվել է նաև Դոմենային անունների և IP հասցեների ինտերնետ կորպորացիայի՝ ICANN83 համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում էին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը և արտաքին կապերի մենեջեր Կատարինա Գևորգյանը։

«Ինտերնետ կառավարման ոլորտում գլոբալ նորամուծություններին հետևելը և մասնագիտական կապեր հաստատելը չափազանց կարևոր է։ ICANN համաժողովները  նաև UA-ի իրականացման առումով լավագույն հարթակներից են», — նշեց Կատարինա Գևորգյանը։

UA հոբելյանը նշանավորող նիստի ընթացքում գնահատանքով ընդգծվել է Հայաստանում  «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի իրականցրած աշխատանքը, որի արդյունքում շարունակաբար զարգացվում է հայատառ՝ .հայ դոմենային տիրույթը և գործում են հայատառ՝ անուն.ազգայնուն@էլփոստ.հայ  էլեկրտոնային հասցեները։

Շարժման ներգրավվածությունը, որն ընդգրկում է Ասիայից մինչև Աֆրիկա, Եվրոպայից մինչև Լատինական Ամերիկա, վկայում է ինտերնետի համընդհանուր հասանելիության գաղափարի ամրապնդման մասին։ Այն այսօր դիտարկվում է ոչ միայն որպես տեխնոլոգիական, այլև լեզվամշակութային ներառման գործիք։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը