Թվային աշխարհում անվտանգ կապն ու գաղտնիությունը պահպանելու առավել արդյունավետ գործիքներից մեկը VPN-ն է (Virtual Private Network՝ վիրտուալ առանձնացված ցանց)։
VPN-ը «մեկ ծրագիր» չէ։ Կան մի քանի տեսակի ծրագրեր, որոնք մշակվել են տարբեր նպատակների՝ հեռավար աշխատանքի, բիզնեսի, բջջային անվտանգ աշխատանքի կամ ամպային ինտեգրման համար։
Remote Access VPN
Ամենատարածված տեսակն է։ Հնարավորություն է տալիս հեռավար միանալու ընկերության կամ կազմակերպության ներքին ցանցին։ Օգտագործվում է հատկապես հեռավար աշխատանքի համար: Կապը պաշտպանված է և գաղտնագրված։
Site-to-Site VPN
Ապահովում է անվտանգ կապ միաժամանակ մի քանի տարածքային ցանցերի միջև, օրինակ՝ ընկերության տարբեր գրասենյակների։ Այն միացնում է ոչ թե սարքեր, այլ՝ ամբողջական ցանցեր՝ ստեղծելով VPN թունել ընդհանուր հաղորդակցման համար։
Mobile VPN
Նախատեսված է շարժական սարքերի՝ սմարթֆոնների, պլանշետների համար։ Մշտապես գաղտնագրելով բջջային սարքերի ինտերնետ-թրաֆիկը՝ ապահովում է անվտանգ կապ անգամ այն դեպքում, երբ սարքը փոխում է ինտերնետային մուտքի տարբերակը, օրինակ՝ Wi-Fi-ից՝ բջջային ցանց կամ հակառակը։ Առավելապես նախատեսված է ճանապարհորդող և դինամիկ պայմաններում աշխատող մասնագետների համար։
SSL/TLS VPN
Աշխատում է վեբ բրաուզերի միջոցով՝ ստեղծում է HTTPS-պրոտոկոլով պաշտպանված թունել և մտնում ներքին ցանց՝ առանց հավելյալ ծրագրային ապահովման։ Պարզության և մատչելիության շնորհիվ լայնորեն կիրառվում է այն կազմակերպություններում, որտեղ աշխատակիցները մուտք են գործում ընկերության համակարգերին իրենց համակարգիչներից կամ հեռախոսներից։ Հիմնական կիրառողներն են բուհ-երը, պետական կառույցները, բանկերը։
IPsec VPN
Գործում է ցանցային OSI մակարդակում և ապահովում բարձրակարգ գաղտնագրում ու ապանույնականացում։ Հասանելի է և՛ հեռավար մուտքի, և՛ Site-to-Site տարբերակով։ Հատկապես պահանջված է անվտանգային խիստ պահանջներ ունեցող ընկերություններում։
Peer-to-Peer (P2P) VPN
Հիմնված է ապակենտրոնացված ցանցի վրա, որում օգտատերերը համատեղ օգտվում են թողունակությունից և VPN միացման ռեսուրսներից։ Կիրառվում են մեծ ֆայլերով փոխանակման կամ ապակենտրոնացված ցանցեր մուտքի համար։ Դիտարկվում են կոմերցիոն տարբերակների անվճար կամ էժան տարբերակ, սակայն չեն ապահովում այն մակարդակի անվտանգություն և գաղտնիություն, ինչ մասնագիտացված VPN լուծումները։
Cloud VPN
Արագ տարածում ստացած նոր սերնդի VPN տեսակ է։ Ապահովում է անվտանգ թունել ամպային ծառայությունների (cloud-based systems) և օգտատիրոջ միջև։ Օգտագործվում է բիզնեսներում, որոնք անցել են cloud ենթակառուցվածքների։





























