Գլոբալ Internet Society-ին իր պաշտոնական կայքում ինտերնետ կառավարման համայնքին կրկին հիշեցնում է ինտերնետ փոխանակման կետերի (Internet Exchange Points — IXP) կարևորությունը և ընդգծում, որ կազմակերպությունն աշխատում է IXP-ներն ամբողջ աշխարհում ընդլայնելու ուղղությամբ՝ համագործակցելով համայնքների հետ և նպատակ ունենալով բարելավելու տեղական ինտերնետային ենթակառուցվածքները։
Հայաստանում գործող ինտերնետ փոխանակման կետն «Արմիքսն» է։ Այն գործարկվել է 2011-ին՝ 2010-ի ապրիլի 2-ին ստեղծված նույնանուն հիմնադրամի կողմից, որը հիմնադրել են «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ասոցիացիան։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Արմիքսի» համագործակցությունն անցած տարիներին շարունակական է եղել՝ ի նպաստ կետի զարգացմանը։ Այս տարի ինտերնետ փոխանակման կետը տեխնիկապես վերազինվում է և ընդլայնվում՝ կետ բացելով նաև Գյումրիում։
Ինտերնետ փոխանակման կետերը ինտերնետի արդյունավետությունն ապահովող բաղկացուցիչներից են, որոնք տարբեր ցանցերի միջև տվյալների լոկալ փոխանակման հնարավորություն են ստեղծում։ IXP-ները հիմնականում չեզոք հարթակներ են, որտեղ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները, բովանդակության մատակարարները և այլ ցանցեր ուղղակիորեն միանում են միմյանց՝ տեղական ինտերնետային թրաֆիկը փոխանակելու համար։
Այս մեխանիզմը թույլ է տալիս, որ նույն երկրում կամ քաղաքում գտնվող օգտատերերի միջև տվյալներն անմիջականորեն փոխանակվեն և մնան տեղական ենթակառուցվածքում՝ առանց հազարավոր կիլոմետրեր հեռու տեղակայված սերվերների կիրառման։ Արդյունքը կապի ուշացումների, միջազգային կապուղիների ծախսերի նվազումն է և ծառայությունների որակի բարձրացումը։
IXP-ների կարևորությունը հատկապես ակնհայտ է տեսահոսքային ծառայությունների, առցանց կրթության, հեռավար աշխատանքի և ամպային ծառայությունների դեպքում։ Տեղական փոխանակման կետերը հնարավորություն են տալիս ավելի արագ հասանելի դարձնել բովանդակությունը և բարձրացնել ինտերնետի ընդհանուր դիմակայունությունը։ Հենց այս համատեքստում IXP-ների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դրանք նպաստում են տեղական ինտերնետ ենթակառուցվածքի ամրապնդմանը, թվային տնտեսության զարգացմանը և ազգային ցանցերի կայունությանը։




























